ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին

12 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին, ով Հայաստանում էր գտնվում Երևանում նույն օրերին անցկացվող  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցության շրջանակում։

ԱԳ փոխնախարար Նազարյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի տնօրեն Թեյլորը հանգամանալիորեն քննարկեցին Եվրոպայի խորհրդի և Եվրամիության հետ համատեղ իրականացվող «Գործընկերություն լավ կառավարման համար» ծրագրի առաջին փուլի՝ 2015-2018թթ. արդյունքները և հաջորդ՝ 2019-2021թթ. փուլի ոլորտային ծրագրերը, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով ԱլԳ բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում ընդունված «20 թիրախային արդյունքներ մինչև 2020թ.» փաստաթուղթը։

Անդրադառնալով «Գործընկերություն լավ կառավարման համար» 2019-2021թթ. ոլորտային ծրագրերին՝ Նազարյանն արժևորել է դրանք՝ միտված ՀՀ նոր կառավարության նախաձեռնած շրջադարձային բարեփոխումներին։

Ողջունելով հաջորդ եռամյա փուլի ոլորտային գերակայությունները, որոնց թվում են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց իրավունքների և խտրականության դեմ պայքարի ծրագրերը՝ զրուցակիցները միաժամանակ կարևորեցին դրանց հավասարաչափ բաշխվածությունն՝ ըստ ազգային և տարածաշրջանային բաղադրիչների։

Նույն օրը Երևանում ՀՀ իրավասու գերատեսչությունների և մարմինների պատասխանատուների և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության գրասենյակի ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Գործընկերություն լավ կառավարման համար» միջգերատեսչական ամենամյա նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2015-2018թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը և քննարկվեցին 2019-2021թթ. նախատեսված գերակա ուղղությունները։

Տպել էջը