Լեհաստանում հայկական խաչքարի բացման արարողություն և Կիելցեի գեղարվեստի ուսումնարանում Հայաստանին նվիրված ուստարվա ավարտական միջոցառումներ

16 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 16-ին՝ լեհ ժողովրդի մեծ զավակ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի գահակալության 40-րդ հոբելյանական տարեդարձի օրը, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ենթակայությամբ գործող Կիելցեի Յուզեֆ Շերմենտովսկու անվան գեղարվեստի ուսումնարանում մեծ հանդիսավորությամբ ազդարարվեց Հայաստանին և հայկական մշակույթին նվիրված 2017-2018 թթ. ուսումնական տարվա ավարտը։ Միջոցառումն անց էր կացվում Լեհաստանում գործող Լեհ-հայկական հիմնադրամի հետ համատեղ՝ Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի հովանու ներքո։

Ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության ներկայացուցիչ, Գեղարվեստական կրթության կենտրոնի փոխտնօրեն Վլոդժիմերժ Գորժելանչիկը, Շվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի խորհրդական Ռոբերտ Բերնացկին,լ Կիելցեի Յուզեֆ Շերմենտովսկու անվան գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկը։

Իր ելույթում դեսպան Էդգար Ղազարյանը բարձր գնահատեց Կիելցեի գեղարավեստի ուսումնարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչը լավ հնարավորություն է ստեղծում հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու մշակույթը լեհ հանրությանը ներկայացնելու համար: Դեսպան ԷՂազարյանը խորհրդանշական համարեց նախորդ ուսումնական տարվա ընթացքում երկու երկրներին կապող հոբելյանական ամյակների առատությունը՝ առանձնացնելով Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25, Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650, ինչպես նաև Լեհաստանի Անկախության վերականգնման և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակները։ Դեսպանը նաև հույս հայտնեց, որ Կիելցեի գեղարվեստի ուսումնարանի և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի միջև հաստատված հաջող համագործակցությունն անպայման շարունակություն կունենա՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։

Միջոցառման ավարտին դեսպան Ղազարյանի և Կիելցեի գեղարվեստի ուսումնարանի տնօրեն Մարիա Կովալչիկի կողմից բացվեց խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի՝ Կիելցեի գեղարվեստի ուսումնարանին նվիրված հայ-լեհական բարեկամությունը խորհրդանշող խաչքարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Ներսես աբեղա Հարությունյանի և Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ, պրոֆեսոր Յուզեֆ Նաումովիչի օծմամբ։

Նույն օրը ուսումնարանի տարածքում բացվեց նաև Հայաստանին նվիրված ավարտական դիպլոմային աշխատանքների ցուցահանդեսը, տեղի ունեցավ ուսումնարանի սաների՝ Հայաստանին նվիրված աշխատանքների կատալոգի շնորհանդեսը։

Նախագծին իրենց կարևոր աջակցությունն են ցուցաբերել Լեհաստանի և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունները, որոնք պարբերաբար լուսաբանել են Կիելցեի գեղարվեստի ուսումնարանում Հայաստանին նվիրված ուսումնական տարվա կարևոր իրադարձությունները, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել հայկական խաչքարի տեղափոխման հարցում։

Տպել էջը