Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
18 հոկտեմբերի, 2018Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին։
Ողջունելով հյուրին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել այն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ որպես Եվրամիության և անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենքի՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն արձանագրեց, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունների գլխավոր առաջնահերթությունն է ՀԸԳՀ-ի արդյունավետ և գործնական կիրարկման ուղղությամբ կառավարության ռեսուրսների մոբիլիզացումը: Այս առնչությամբ երկուստեք կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը:
ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համատեքստում՝ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ազատ և արդար ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների և, մասնավորապես, Եվրոպական միության աջակցությունը:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցության հեռանկարները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Թոմաս Մայր-Հարթինգը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:
Զոհրաբ Մնացականյանը Թոմաս Մայր-Հարթինգին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնահերթությունները: Երկուստեք ընդգծվեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։