Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների միջև

24 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 23-ին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում (ԱՀՔ) կայացավ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլը։

Խորհրդակցությունները վարում էին Հայաստանի ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Մեքսիկայի ԱՀՔ Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն, դեսպան Ֆրանսիսկո Դել Ռիոն:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-մեքսիկական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը՝ կարևորելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Արման Հակոբյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում ընթացող ժողովրդավարացման գործընթացը և ընթացիկ ներքաղաքական իրավիճակը։

Նույն օրը հայկական պատվիրակությանն ընդունեց Մեքսիկայի արտաքին հարաբերությունների պետքարտուղարի տեղակալ Կառլոս դե Իկասան: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին, մտքեր փոխանակվեցին Հայաստան-Մեքսիկա և Հայաստան-Լատինական Ամերիկա համագործակցության հեռանկարների շուրջ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին: Արման Հակոբյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վարչության գլխավոր տնօրեն, դեսպան Խորխե Ալվարես Ֆուենտեսի հետ։ Զրուցակիցները քննարկեցին Մերձավոր Արևելքում և Իրանում ստեղծված իրավիճակը և առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և Մեքսիկայի ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներին։

 

 

 

Տպել էջը