ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի և Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարի հանդիպումը

24 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պո Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել Եվրասիական շաբաթին մասնակցելու նպատակով:

Զրուցակիցները երկուստեք նշեցին Հայաստանի և Սինգապուրի միջև առկա պատմամշակութային դարավոր կապերի և Սինգապուրում հայկական ներկայության մասին: Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրի կառավարությանը հայկական եկեղեցուն, որպես մշակութային հնագույն կոթողի, ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար:

Նախարարի տեղակալ Պապիկյանն ընդգծեց տնտեսական զարգացման ոլորտում Հայաստանի համար Սինգապուրի հարուստ փորձի կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության ցանկությունը՝ ձեռնարկելու գործնական քայլեր Սինգապուրի հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման ուղղությամբ: Անդրադառնալով երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ Արմեն Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունն իր գործունեությամբ ապացուցել է հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության համակարգի ամրապնդմանը, որոնք հանդիսանում են սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության ապահովման հիմնական երաշխիքները: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ, զրուցակիցներն առանձնացրին բարձր տեխնոլոգիաների, ծառայությունների և զբոսաշրջության ոլորտները:

Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարը տեղեկացրեց Եվրասիական շաբաթի ընթացքում տեղի ունեցած իր հանդիպումների, Սինգապուր-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին: ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրի կնքումը խթան կհանդիսանա նաև Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը կարևորեցին նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կազմակերպությունների շրջանակում առկա արդյունավետ համագործակցության կապակցությամբ: 

Արմեն Պապիկյանը Պո Կուն Կոյին տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը բացառապես բանակցային և խաղաղ ճանապարհով հասնելու Հայաստանի հանձնառության վերաբերյալ, ինչպես նաև այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ:

Տպել էջը