ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Բավարիա երկրամաս

26 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն այցով մեկնեց ԳԴՀ Բավարիա երկրամաս: Այցի շրջանակներում դեսպանին ընդունեց Նյուրենբերգի քաղաքապետ դոկտոր Ուլրիխ Մալին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սմբատյանն անդրադարձավ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Բավարիա երկրամասի հետ համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Նյուրենբերգ քաղաքի «Ոսկե գրքում»:

Նույն օրը Բավարիայի Էրլանգեն քաղաքի քաղաքապետ դոկտոր Ֆլորիան Յանիկի հետ կայացած հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետների միջև ծավալված համագործակցությանը: Քննարկվեցին նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք գոհունակությամբ ընդգվեց Էրլանգեն քաղաքում գործող «Հայաստան–Հայաստանին օգնություն» հասարակական կազմակերպության գործունեությունը, որը Վանաձարում արդեն իսկ իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր:

Հանդիպմանը դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Էրլանգեն քաղաքի «Ոսկե գրքում»:

Այցի ընթացքում դեսպանը հյուրընկալվեց նաև Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանում, որտեղ փոխնախագահ պրոֆեսոր Գյունտեր Լոյգերինգի հետ քննարկեց ՀՀ բուհերի հետ համագործակցության հեռանկարները:

Տպել էջը