Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գվատեմալայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև

26 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 25-ին Գվատեմալայի մայրաքաղաքում կայացան Հայաստանի Հանրապետության և Գվատեմալայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունները վարում էին Հայաստանի ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Գվատեմալայի արտաքին հարաբերությունների նախարարության Երկկողմ հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն, դեսպան Լուիս Կառանսան:

Հայ և գվատեմալացի դիվանագետները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև առաջին խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ՝ հույս հայտնելով որ դրանք կստանան ինստիտուցիոնալ և պարբերական բնույթ: Այդ առնչությամբ կարևորվեց հայ-գվատեմալական իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ճյուղային և միջխորհրդարանական փոխգործակցության հաստատումը:

Արման Հակոբյանը և Լուիս Կառանսան ընդգծեցին մշակութային և հանրային դիվանագիտության ակտիվացման կարևորությունը և այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Երևանում և Գվատեմալայում համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության զարգացման կարևորությանը:


Ներքին օրակարգային հարցերի համատեքստում Արման Հակոբյանը գվատեմալական կողմին ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացն ու ընթացիկ ներքաղաքական իրավիճակը։

Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին: Գվատեմալական կողմն իր աջակցությունը հայտնեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում, զրուցակիցները քննարկեցին տարածաշրրջանային և միջազգային օրակարգին առնչվող մի շարք հրատապ հարցեր և մտքեր փոխանակեցին Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Կենտրոնական Ամերիկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հայկական պատվիրակությանն ընդունեց նաև արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Ալիսիա Կաստիլյոն: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերություններին և դրանցում մշակութային փոխանակումների դերին:

Գվատեմալայի ԱՀՆ-ին կից դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ակադեմիայի տնօրեն, դեսպան Լուիս Ալբերտո Պադիլյայի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակադեմիայի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ:

Գվատեմալա այցի ընթացքում հայկական պատվիրակությանն ընդունեց երկրի Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոսը: Հայկական կողմը տեղեկեցրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացների և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Գվատեմալայի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցության հաստատման վերաբերյալ։  

Տպել էջը