Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառում Սոֆիայում

28 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 28-ին Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սոֆիայի Հայոց տանը տեղի ունեցավ «Երջանկություն, սեր, բարեկամություն» խորագրով տոնական հանդիսություն, որը կազմակերպվել էր Սոֆիայի հայկական կազմակերպությունների համատեղ ջանքերով և Բուլղարիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ:

Հանդիսությանը մասնակցեցին բուլղարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայկական արվեստի և մշակույթի գործիչներ և լրագրողներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ ընթացիկ տարում Հայաստանը և սփյուռքը, այդ թվում նաև բուլղարահայ համայնքը, մեծ ոգևորությամբ տոնեցին Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակն ու ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը, իսկ այս օրերին տոնում են նաև Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանը: Դեսպանը ներկայացրեց Երևանում տեղի ունեցող տոնական միջացառումները, կիսվեց Երևանի 2750-ամյակի տոնակատարություններից իր հիշողություններով:

Երևանին նվիրված ելույթներով հանդես եկան ՀԲԸՄ Սոֆիայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, բուլղարահայ հայտնի երգիչ և կոմպոզիտոր Հայկաշոտ Աղասյանը: Միջոցառմանը ցուցադրվեց նաև Երևանի մասին պատմող վավերագրական տեսաֆիլմ: Հայաստան կատարած իր այցելության անմոռանալի տպավորություններով կիսվեց «Труд» թերթի թղթակից Բիլիանա Վեսելինովան:

 

Տպել էջը