Հայկական մշակութային օրեր Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում

28 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 25-ից հոկտեմբերի 28-ը Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում անցկացվեցին արդեն ավանդույթ դարձած ամենամյա հայկական մշակութային օրերը:

Ծրագիրը հագեցած էր վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ, գրքերի շնորհանդեսով, համերգներով, գրական երեկոյով և այլ միջոցառումներով:

Մշակութային օրերի ավարտական գալա համերգին  կատարումներով հանդես եկավ Հայլբրոնի Վյուրթեմբերգյան կամերային նվագախումբը` դիրիժոր Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ: Մենակատարներն էին թավջութակահար Սուրեն Բագրատունին և ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Համերգին ներկա էր նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանը, ում ստեղծագործությունները ևս ներկայացվեցին հանդիսատեսին:

Իր ողջույնի խոսքում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը կարևորեց հայկական մշակութային օրերի անցկացումը` բարձր գնահատելով մշակույթի դերը երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում:

Համերգի ավարտին դեսպան Սմբատյանը Ռուբեն Ղազարյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը»:

Տպել էջը