Դեսպան Արշակ Փոլադյանի հրաժեշտի հանդիպումը ՍԱՀ փոխնախագահի հետ

29 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 29-ին Սիրիայում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ դեսպան Արշակ Փոլադյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) փոխնախագահ դոկտոր Նաջահ Ատտարի հետ:

Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ Սիրիայի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց նրան՝ որպես Հայաստանի Հանրապետության դեսպան, Սիրիայում ծավալած բազմամյա պտղաբեր գործունեության համար: Նաջահ Ատտարը հավելեց, որ ՍԱՀ ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի դեսպանի ջանքերը՝ պատերազմական պայմաններում հայ-սիրիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահպանելու ուղղությամբ:

Արշակ Փոլադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՍԱՀ փոխնախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր առաքելության ընթացքում սիրիական իշխանությունների կողմից մշտապես ապահովվել են բարենպաստ պայմաններ դեսպանության բնականոն աշխատանքի համար: Դեսպան Փոլադյանն առանձնակի ընդգծեց դոկտոր Նաջահ Ատտարի դերը գիտական և մշակութային բնագավառներում հայ-սիրիական համագործակցությունը զարգացնելու և խորացնելու գործում:

Զրուցակիցները հույս հայտնեցին, որ ռազմական իրավիճակի բարելավմանը զուգահեռ երկու երկրների հարաբերությունները կթևակոխեն զարգացման նոր փուլ:

Հանդիպման ավարտին ՍԱՀ փոխնախագահը դեսպան Փոլադյանին հաջողություններ մաղթեց մասնագիտական հետագա գործունեության մեջ:

Տպել էջը