Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում

29 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 29-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Հալոնգ քաղաքում և Կատ Բա կղզում տեղի ունեցան Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի կազմակերպված ընդունելությունը և Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Միջոցառումներին մասնակցում էին Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի պատվիրակությունը՝ խմբի նախագահ Նգույեն Վան Տուանի գլխավորությամբ, ՎՍՀ կառավարության պաշտոնյաներ, Հայաստանում ուսում ստացած վիետնամցի նախկին ուսանողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ներկայացրեց հայ-վիետնամական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության վերջին ձեռքբերումները: Բարձր գնահատելով երկու երկրների միջև կապերի խորացմանն ուղղված Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի ջանքերը` դեսպան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ բարեկամության խմբի կողմից տարվող աշխատանքներն ապագայում ևս արդյունավետ կլինեն։

Նույն օրը տարածաշրջանի զբոսաշրջային խոշոր կենտրոն հանդիսացող Կատ Բա կղզում դեսպան Վարդանյանը և բարեկամության խումբը հանդիպում ունեցան Հայֆոնի ժողովրդական կոմիտեի փոխնախագահ Նգույեն Վան Թանի հետ։ Փոխնախագահ Վան Թանը կոչ արեց Վիետնամ-Հայաստան բարեկամության խմբին հետագայում ևս աջակցություն ցուցաբերել և խթանել Հայաստան-Հայֆոն համագործակցությունը` մարդկանց միջև բազմակողմանի տնտեսական և մշակութային համագործակցությունն ամրապնդելու նպատակով: Վերջինս նշեց, որ այդ գործընթացին մեծապես նպաստում է նաև Հայաստանի դեսպանությունը։ Դեսպան Վարդանյանն իր խոսքում անդրադարձավ հայ-վիետնամական համագործակցության բազմաթիվ բնագավառներին՝ հաստատելով առաջիկայում ՀՀ և Հայֆոնի միջև զբոսաշրջության և ենթակառուցվածքների, փոխադարձ ներդրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Հաշվի առնելով, որ Հայֆոնը հանդիսանում է Հալոնգ-Հայֆոն զբոսաշրջային հատուկ գոտու կենտրոն և 2 միլիոն բնակչությամբ և զարգացած ենթակառուցվածքով խոշոր նավահանգիստ՝ դեսպան Վարդանյանի կողմից Երևանի և Հայֆոնի միջև քույր-քաղաքների պայմանագիր ստորագրելու առաջարկ արվեց, որն ընդունվեց փոխնախագահ Վան Թանի կողմից։

Տեղեկանք․

Հայֆոնը համագործակցում է աշխարհի 70 երկրների հետ։ Տարեկան ներդրումների հոսքը Հայֆոնի տնտեսություն կազմում է 8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հայֆոնի հատուկ արդյունաբերական գոտում տեղակայված են ԵՄ, կորեական, ճապոնական, հնդկական, ինդոնեզական, թայլանդական խոշոր ընկերությունների արտադրամասերն ու գործարանները։

 

Տպել էջը