ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Արգենտինա
30 հոկտեմբերի, 2018Հոկտեմբերի 28-30-ը Արգենտինայի ԱԳՆ հետ քաղաքական խորհրդակցությունների 3-րդ փուլն անցկացնելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Բուենոս Այրեսում:
Հոկտեմբերի 28-ին Աշոտ Հովակիմյանն այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպեց հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Հոկտեմբերի 29-ին մեկնարկած Հայաստանի և Արգենտինայի ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդակցությունները վարում էին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Արգենտինայի արտաքին գործերի քարտուղար Դանիել Ռայմոնդին:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, կարևորեցին երկու պետությունների միջև հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերակատարումը, քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ներկայիս իրավիճակը և դրա ընդլայնման հնարավորությունները, առևտրատնտեսական, կրթական և մշակութային կապերի խորացման և ակտիվացման հեռանկարները: Կողմերը գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի և Լատինական Ամերիկայի տարածաշրջաններում վերջին զարգացումների, միջազգային քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ:
Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները և ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև` երկրի արտաքին քաղաքականության առաջնայնությունները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր արգենտինացի գործընկերոջը մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը: Արգենտինական կողմը վերահաստատեց իր աջակցությունը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում:
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Արգենտինայի Սենատի անցումային նախագահ Ֆեդերիկո Պինեդոն: Հանդիպման ընթացքում կարևորվեցին երկու պետությունների միջև համագործակցության ընդլայնումն ու ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Արգենտինայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Խուլիո Կոբոսի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կորնելիա Շմիտ Լիերմանի հետ, ինչպես նաև Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահներ Վալդո Վոլֆի և Միրիամ Բոյաջյանի հետ: Նույն օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար, արդարադատության նախարարի տեղակալ Կլաուդիո Ավրուխի և արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչպես նաև` այցելեց Արգենտինա-Հայաստան առևտրային պալատը:
Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նիստերի դահլիճում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդես եկավ Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին նվիրված դասախոսությամբ: