Դեսպան Արշակ Փոլադյանի հրաժեշտի հանդիպումը Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահի հետ

31 հոկտեմբերի, 2018

Սիրիայում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց ՍԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղի, խորհրդարանի հայ-սիրիական բարեկամության հանձնաժողովի անդամների և այլ պատգամավորների հետ։

Ողջունելով ՀՀ դեսպանին` Համուդա Սաբբաղը նշեց, որ Արշակ Փոլադյանն անգնահատելի ներդրում ունեցավ պատերազմական պայմաններում հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում։ Ժողովրդական ժողովի նախագահը հավելեց, որ դեսպան Փոլադյանը մշտապես եղել է ցանկալի հյուր Ժողովրդական Ժողովում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ դեսպան Փոլադյանը նշեց, որ Սիրիայի խորհրդարանն առանձնահատուկ հաստատություն է, որտեղ նա մշտապես արժանացել է բարեկամական ընդունելության։ Դեսպանը հավելեց, որ սիրիական պատերազմի շուրջ ութ տարիների ընթացքում Դամասկոսում աշխատելուց հետո ուրախ է տեսնել երկրում ռազմական իրադրության բարելավման միտումներ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Սիրիան կթևակոխի կայունության և խաղաղ վերականգնման ժամանակաշրջան: 

Դիմելով ՀՀ դեսպանին ՍԱՀ ԺԺ հայ-սիրիական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը բարձր գնահատեց նրա կատարած աշխատանքը միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու ուղղությամբ և իր գործընկերների անունից խորին երախտագիտություն հայտնեց հանձնաժողովի աշխատանքներին մշտապես աջակցելու համար:

Ներկաները բարձր գնահատեցին դեսպանի ոչ միայն դիվանագիտական բեղուն աշխատանքը, այլև Սիրիայում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած գիտական ակտիվ գործունեությունը:       

Դեսպան Փոլադյանը շնորհակալություն հայտնեց Ժողովրդական ժողովի նախագահին և խորհրդարանի գործընկերներին Հայաստանի և Սիրիայի պատմական բարեկամության ամրապնդմանը միտված համագործակցության և աջակցության համար:

Հանդիպման ավարտին Համուդա Սաբբաղը ՀՀ դեսպանին պարգևատրեց ՍԱՀ Ժողովրդական Ժողովի հուշապատյանով անբասիր աշխատանքի համար։ ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավորները հաջողություն մաղթեցին Արշակ Փոլադյանին հետագա մասնագիտական գործունեության մեջ:

 

 

Տպել էջը