Սիրիայում և Հորդանանում ՀՀ դեսպանի հրաժեշտի հանդիպումները Հալեպում

01 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 1-ին Սիրիայում և Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ՝ Սիրիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով դեսպանին՝ նահանգապետը բարձր գնահատեց հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը միտված նրա բազմամյա և բեղուն դիվանագիտական գործունեությունը: Հուսեյն Դիյաբն առանձնահատուկ ակնածանքով խոսեց պատերազմական տարիների ընթացքում դեսպանի և դեսպանության ողջ անձնակազմի հերոսական աշխատանքի մասին՝ միաժամանակ նշելով, որ այն հայ-սիրիական բարեկամական հարաբերութունների պատմության մեջ, թերևս, ամենավառ և ամենանվիրական օրինակն է:

Դեսպան Փոլադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց սիրիական իշխանություններին կառուցողական համագործակցության, ինչպես նաև՝ սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և բազմակողմանի աջակցության համար: Հանդիպման ավարտին Հալեպի նահանգապետը Արշակ Փոլադյանին հաջողություն մաղթեց դիվանագիտական հետագա գործունեության մեջ:

Նույն օրը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ դեսպան Փոլադյանի հրաժեշտի հանդիպումը հալեպահայ համայնքի ղեկավարության հետ: Հանդիպան ընթացքում դրվատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցին Արշակ Փոլադյանի ազգանվեր գործունեության, համայնքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման և ամրապնդման գործում նրա ջանքերի ու անձնուրաց աշխատանքի համար:

Նույն օրը երեկոյան դեսպան Փոլադյանի պատվին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տրվեց պաշտոնական ընթրիք:

 

Տպել էջը