ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի այցը Դոնի Ռոստով

03 նոյեմբերի, 2018

Հոկտեմբերի 27-29-ը աշխատանքային այցով Դոնի Ռոստովում էր գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը։

Այցի շրջանակներում Վահագն Մելիքյանը և Դոնի Նախիջևանի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը ստորագրեցին արձանագրություն, որի համաձայն Հարություն Սուրմալյանը Հայաստանի Հանրապետությանը անհատույց նվիրաբերեց այն տարածքը, որտեղ այժմ գործում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Հարություն Սուրմալյանը նաև խոստացավ մի քանի տարվա ընթացքում կառուցել նոր շենք և այն նույնպես անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Վահագն Մելիքյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հրամանով Հարություն Սուրմալյանին պարգևատրեց ՀՀ ԱԳՆ առաջին կարգի հուշամեդալով:

Արձանագրության ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը, Դոնի հայ երիտասարդական միության և Դոնի Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչները և այլք։

Ստորագրման արարողությունից հետո Վահագն Մելիքյանը հանդիպում ունեցավ Դոնի հայ երիտասարդների հետ, որի ընթացքում պատասխանեց ներկաների հարցերին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Դոնի Ռոստովի հայրենակիցների համար առաջնային նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր։

Տպել էջը