Դեսպան Կարեն Գրիգորյանի հանդիպումը Իրաքի նախագահի հետ

04 նոյեմբերի, 2018

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը նոյեմբերի 4-ին հանդիպում ունեցավ Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհի հետ։

Դեսպան Գրիգորյանը Իրաքի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է բոլոր ոլորտներում զարգացնել և ամրապնդել հարաբերությունները բարեկամ Իրաքի հետ։

Նախագահ Սալեհն ընդգծեց Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունն Իրաքի համար՝ նշելով, որ առանձնակի հետաքրքրություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության նկատմամբ և ունի հայազգի ընկերներ։ Նախագահը նշեց, որ երկու ժողովուրդների պատմության բազմադարյա անցյալը մեզ ուղորդում է երկարատև ապագա կառուցելու գործում։ Բարհամ Սալեհը նաև հետաքրքրվեց Հայաստանի ներկա իրավիճակով, Ղարաբաղյան խնդրի կարգավորման և միջպետական հարաբերությունների հեռանկարներով։

Հանդիպման ավարտին Իրաքի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպան Գրիգորյանին դիվանագիտական առաքելության համար՝ բարձր գնահատելով նրա գործունեությունը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում։ Նախագահը դեսպանի Գրիգորյանին հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում և վստահեցրեց, որ երկրի կառավարությունը սերտորեն կաշխատի նաև նորանշանակ դեսպանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Տպել էջը