ՀՀ դեսպանի հանդիպումը Բուխարեստի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահի հետ

05 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 5-ին Ռումինիայում ՀՀ  դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Բուխարեստի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Սորին Դիմիտրիուին:

Հանդիպման ընթացքում Սորին Դիմիտրիուն ներկայացրեց Բուխարեստի Առևտրի և արդյունաբերության պալատի գործունեությունը և նշեց, որ մեծ ներուժ է տեսնում հայ-ռումինական առևտրաարդյունաբերական հետագա համագործակցության համար:

Դեսպան Մինասյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը ևս հետաքրքրված է Ռումինիայի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ և վերջերս Ռումինիայի խորհրդարանի կողմից վավերացված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև 2019թ. ապրիլին մեկնարկելիք Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթը կարող են այդ համագործակցության նոր խթան հանդիսանալ` ընդգրկելով նաև մինչ օրս համագործակցությունից դուրս մնացած ոլորտները:

Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով:

Տպել էջը