Դիվանագիտական դպրոցի 2017-18 թթ. ունկնդիրների ուսումնական այցն Էստոնիա

06 նոյեմբերի, 2018

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Էստոնիա: Ունկնդիրները Տալլինում հանդիպումներ ունեցան Դիվանագիտության էստոնական դպրոցում, արտաքին գործերի նախարարությունում, խորհրդարանում և մի շարք ոչ պետական կառույցներում, ինչպես նաև այցելեցին Տարտու:

Այցը մեկնարկեց հոկտեմբերի 29-ին՝ Դիվանագիտությանէստոնական դպրոցում, որտեղ ունկնդիրները Էստոնիայի արտաքին քաղաքականության, տարածաշրջանի, ինչպես նաև Դիվանագիտության էստոնական դպրոցի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության մասին ներածական հանդիպում ունեցան դպրոցի տնօրեն Էկե Նոմի հետ: Նույն օրն ունկնդիրներն Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպումներ ունեցան նախկին արտգործնախարար և ներկայում Բալթիկ ծովի շրջանի գծով Էստոնիայի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաուլ Մալկի և Վրաստանում ու Հայաստանում նախկին դեսպան և ներկայում Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Պրիտ Տուրկի հետ:

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ունկնդիրները հանդիպումներ ունեցան Էստոնիայի խորհրադարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի, Էստոնիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության տնտեսական խորհրդատու Կատրին Հովելսոնի, Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի ավագ գիտաշխատող Ապ Նելյասի, ինչպես նաև Էստոնիայում ԱՄՆ փոխդեսպան Էլիզաբեթ Հորսթի հետ: Ունկնդիրների համար դասախոսություններով հանդես եկան Էստոնիայի նախկին արտգործնախարար Մարինա Կալյուրանդը, ԱԳՆ արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Լաուրի Բամբուսը և հաղորդակցության հարցերի մասնագետ Ռաուլ Ռեբանը: Ունկնդիրներն այցելեցին Տալլինի տեխնոլոգիական համալսարանի Մեկտորի կենտրոն, ինչպես նաև Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (E-Estonia Showroom), որտեղ ծանոթացան էլեկտրոնային կառավարման էստոնական փորձին: Տեղի ունցեավ հանդիպում նաև Դիվանագիտության էստոնական դպրոցի ունկնդիրների հետ:

Հանդիպումների և դասախոսությունների ընթացքում ունկնդիրները ծանոթացան Էստոնիայի արտաքին քաղաքականության մարտահրավերներին և առաջնահերթություններին, հայ-էստոնական հարաբերություններին, թվային դիվանագիտությանը, տեղեկատվական պատերազմների որոշ սկզբունքներին ու դրսևորումներին և այլ թեմաների: Այցի վերջին օրն ունկնդիրներն այցելեցին Տարտու և ճանաչողական շրջայց կատարեցին Տարտուի համալսարանում: Համալսարանում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար դասախոսությամբ հանդես եկան Տարտուի համալսարանի Յոհան Սկիտեի անվան քաղաքական գիտությունների ինստիտուտի միջազգային հարաբերությունների դասախոս Էյքի Բերգը և ռազմավարական անվտանգության հարցերով փորձագետ Վիլյար Վեբելը:

Այցը կազմակերպվել էր Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների համագործակցության շրջանակներում:

Տպել էջը