Կայացավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը

07 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 6-ին Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը՝ խմբի կանադական կողմի ղեկավար, Կանադայի ազատական կուսակցության անդամ Բրայան Մեյի (Bryan May, MP LPC) նախագահությամբ:  Նիստին ներկա էին կանադացի խորհրդարանականներ, ինչպես նաև Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները: ՀՀ դեսպանությունը ներկայացնում էր խորհրդական Արա Մկրտչյանը, Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Դեյվիդ Մորգանը:

Նիստին քննարկվեցին Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ  կատարվեց հոկտեմբերի 11-ից 13-ը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայաստան կատարած այցի և Երևանում կայացած Ֆրանկաֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի արդյունքներին:

Նիստը նախագող Բրայան Մեյն իր ելույթում նշեց, որ Կանադայի վարչապետի այցը նոր լիցք և բովանդակություն հաղորդեց երկու երկրների համագործակցությանը՝ բարձրացնելով այն նոր մակարդակի: Ջասթին Թրյուդոյի հայաստանյան այցի արդյունքների վերաբերյալ կանադական կողմի մոտեցումները ներկայացրեց նաև արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության պաշտոնյան՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին բարձր մակարդակով այցն ու Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովը կազմակերպելու համար:

Նիստի ընթացքում Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը վերահաստատեց երկու երկրների միջև կապերի հետագա խորացման կարևորությունը և քննարկեց տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:


Կանադայում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մկրտչյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգի թեմաներին, ներկայացրեց Կանադայի վարչապետի Հայաստան կատարած այցի, ինչպես նաև Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի արդյունքներն ու դրանց արձագանքները: Դեսպանության խորհրդականն ամփոփ ներկայացրեց նաև Հայաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները:

Տպել էջը