Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ռոբերտ Պլագայի հետ

07 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 7-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Ռոբերտ Պլագայի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, գիտության, երիտատասարդության և սպորտի ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց 2010 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ստորագրված մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրից բխող միջգերատեսչական կապերի ամրապնդման, Եվրամիության «Հորիզոն 2020» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակներում բազմակողմ և երկկողմ համագործակցության հեռանկարները։ ՀՀ դեսպանը նշեց, որ ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներից Հայաստանը երրորդն է Ուկրաինայից և Վրաստանից հետո «Էրազմուս+» շարժունության ծավալներով։ Հայ դիվանագետը նշեց, որ մեկ տարի առաջ Բրյուսելում ստորագրած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առավել մեծ հնարավորություններ է բացում համագործակցության համար։

Կողմերը կարևորեցին Չեխիայի կառավարության կողմից հայ ուսանողներին տարեկան կրթաթոշակների հատկացման, ինչպես նաև 2014 թվականից Պրահայի Կարլի համալսարանում Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ վերաբացված հայագիտության դասընթացի շարունակականությունը։ Դեսպանը գոհունակությամբ նշեց, որ ներկայումս Չեխիայի մայր բուհում հայերեն գրող և խոսող չեխ ուսանողներ կան և անհրաժեշտ է քննարկել նաև Հայաստանում չեխերենի մասնագետներ պատրաստելու հնարավորությունը։ Դեսպանը հավելեց, որ այդ հարցում կարող են օժանդակել նաև ոչ-կառավարական կազմակերպությունները, ինչպիսին է, օրինակ՝ «Հայ-Չեխական համագործակցության կենտրոնը»։

Տիգրան Սեյրանյանը Չեխիայի կրթության նախարարին ներկայացրեց ՏՏ ոլորտի կրթության հայկական ապրանքանիշ դարձած «Թումո» նորարարական կրթական կենտրոնի վերաբերյալ տեղեկություններ՝ առաջարկելով քննարկել Պրահայում Փարիզի օրինակով կենտրոն հիմնելու հնարավորությունը։ Ռոբերտ Պլագան մեծ հետաքրքրություն դրսևորեց առաջարկի նկատմամբ։ 

 

Տպել էջը