Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի հրաժեշտի հանդիպումը ՍԱՀ նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսի հետ

07 նոյեմբերի, 2018

Դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց ՍԱՀ վարչապետ Իմադ Մուհամմադ Դիբ Խամիդի հետ։

Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ Սիրիայի կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց երկարամյա անձնվեր ծառայության համար՝ նշելով որ բարձր է գնահատում պատերազմական դժվարին պայմաններում հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների խորացմանը և զարգացմանն ուղղված ՀՀ դեսպանի ջանքերը։

Արշակ Փոլադյանը երախտագիտություն հայտնեց ՍԱՀ վարչապետին ողջույնի ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ Սիրիայում իր պաշտոնավարման տարիներին մշտապես վայելել է կառավարության լիակատար աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը պետական բոլոր մակարդակներում: Նա նշեց, որ լքում է Սիրիան բավարարվածությամբ՝ տեսնելով շուրջ ութը տարվա արհավիրքից հետո, բարեկամ Սիրիայի գրեթե ողջ տարածքում խաղաղության վերականգնման միտումներ:

Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Սիրիան առանձնահատուկ նշանակություն և դեր ունի Հայաստանի և հայ ժողովրդի համար, քանի որ շուրջ մեկ դար առաջ Օսմանյան ցեղասպանությունից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայեր ապաստան գտան սիրիական հողի վրա և սիրիացի ասպնջական ժողովուրդը հայ տարագիրների առջև բացեց իր սրտերն ու դռները: Դեսպանը հավելեց, որ այսօր աշխարհի ավելի քան հարյուր տասնչորս պետություններում հայեր են ապրում, որոնց նախնիները մեծ մասամբ Սիրիայից են եկել այդ երկրներ: Դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում փորձեց աջակցել բարեկամ Սիրիային ողբերգական պատերազմի տարիներին՝ իր օգնության լուման ներդնելով բարեկամ ժողովրդին աջակցելու և Սիրիայի վերականգնման գործին:

Իմադ Խամիսն իր հերթին նշեց, որ Հայաստանն իր երկրի ամենամոտ դաշնակից պետություններից է, որը չնահանջեց պատերազմի դժվարությունների առջև՝ պահպանելով դիվանագիտական ներկայությունը Դամասկոսում ու Հալեպում՝ մշտապես համագործակցելով Սիրիայի հետ՝ ի շահ և ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: ՍԱՀ վարչապետը հույս հայտնեց, որ այժմ, երբ սիրիական մարտադաշտում զինյալներն ու ահաբեկիչները պարտության են մատնված և երկիրը թևակոխում է վերականգնման և տնտեսական վերակենդանացման շրջան՝ Հայաստանը, որպես բարեկամ և դաշնակից պետություն կվերսկսի տնտեսական երկխոսությունը Սիրիայի հետ: Նա նշեց, որ ակնկալում է մոտ ապագայում սիրիական շուկայում հայկական ապրանքների վերադարձ:

Հանդիպման ավարտին Իմադ Խամիսը դեսպան Արշակ Փոլադյանին հաջողություն մաղթեց դիվանագիտական հետագա գործունեության մեջ և խնդրեց իր ջեր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին:

 

Տպել էջը