Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Ռոն դեպարտամենտի նորանշանակ պրեֆեկտին

09 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 8-ից 9-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած այցի շրջանակներում հանդիպեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Ռոն դեպարտամենտի նորանշանակ պրեֆեկտ Պասկալ Մալհոյի հետ:

Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի և Երևան ու Լիոն քաղաքների միջև երկուսուկես տասնամյակից ավելի հաստատված ակտիվ համագործակցությունը: Կարևորվեց Ժան Մուլեն Լիոն 3 և Հայաստանում ֆրանսիական համալսարանների միջև գործակցությունը, ինչպես նաև ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը:

Դեսպան Տոլմաջյանը և պրեֆեկտ Մալհոն պայմանավորվածություն ձեռք բերեցին տնտեսության, հատկապես զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու շուրջ՝ ընդգծելով գործող Երևան-Լիոն ուղիղ չվերթի կարևորությունը:

ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին՝ վերահաստատելով հայկական կողմի՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը:

 

Տպել էջը