Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ

09 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի և հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ԲՀ Անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հանդիպումը։

Ողջունելով ՀՀ դեսպանին, նախարար Վիտալի Դրոժժան նշեց, որ որպես միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ համանախագահ ակտիվորեն ուսումնասիրում է հայ-բելառուսական փոխգործակցությանն առնչվող հարցերը։ Նախարար Դրոժժան նշեց նաև, որ հանդիպման ընթացքում ակնկալում է առաջին ձեռքից տեղեկություններ ստանալ հայկական կողմին հետաքրքրող հարցերի շրջանակի մասին, որոնց լուծումը կարող է դրական լիցք հաղորդել երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը։

ՀՀ դեսպանն իր հերթին նշեց, որ նպատակ ունի բելառուսական կողմի համանախագահի հետ քննարկելու երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճին և առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացմանն ուղղված փոխգործակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև նոր ոլորտներում համագործակցության ձևավորման տեսանկունից հեռանկարային ուղղությունները։ Այս համատեքստում Արմեն Ղևոնդյանն անդրադարձ կատարեց մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի և ԲՀ նախագահի հանդիպմանը, ինչպես նաև հոկտեմբերի 30-ին Մինսկում կայացած ՀՀ նախագահի և ԲՀ նախագահի հանդիպմանը։

Որպես հեռանկարային ուղղություն երկուստեք առանձնացվեց ՏՏ ոլորտը, որտեղ համագործակցության հետագա ընդլայնման համար առկա է դրական փորձ և համապատասխան ներուժ։ Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

Համագործակցության ոլորտների առումով դեսպան Ղևոնդյանն առանձնացրեց նաև գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, գյուղստնտեսական և լեռնարդյունաբերական տեխնիկայի, քաղաքային տրանսպորտային միջոցների և վերելակների արտադրության բնագավառները։

Դեսպան Ղևոնդյանը ներկայացրեց Հայաստանի միջոցով բելառուսական արտադրանքի դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորությունը՝ նախարարի ուշադրությունը հրավիրելով Մեղրու ազատ տնտեսական գոտու կողմից ընձեռող արտոնությունների վրա։

Վիտալի Դրոժժան իր հերթին պատրաստակամություն հայտնեց համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել քննարկումները երկկողմ առևտրատնտեսական համագործակցության առավել զարգացման հարցի շուրջ։

 

Տպել էջը