ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահի հանդիպումը

12 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ինգա Ռոնդա Քինգի հետ։

ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանի՝ որպես 2019 թվականից Տնտեսական և Սոցիալական խորհրդին անդամակցող երկրի առաջնահերթությունները, մասնավորապես՝ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված նորարարական լուծումների և սոցիալական ձեռներեցության ոլորտներում: Նշվեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման օրակարգի ազգայնացմանն ու արդյունավետ իրականացմանը՝ առաջնահերթ կարևորություն տալով օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ նաև Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ դեսպանին Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանն իր լիարժեք և կառուցողական մասնակցությունը կբերի խորհրդի աշխատանքներին:

Տպել էջը