Դեսպան Արմեն Ղևոնդյանի և ԲՀ մշակույթի նախարար Յուրի Բոնդարի միջև հանդիպման մասին

14 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 14-ին կայացավ դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Յուրի Բոնդարի հետ, որի ընթացքում քննարկվեցին մշակութային ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության օրակարգային հարցերն ու հետագա անելիքները։

Կողմերը գոհունակությամբ նշեցին հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 6-ը Հայաստանի Ազգային պատկերասրահի և Բելառուսի Ազգային արվեստի թանգարանի միջև համագործակցության շրջանակներում Բելառուսի Ազգային արվեստի թանգարանում՝ «Հայկական գունապնակ» խորագրով անցկացված ցուցահանդեսը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի և Բելառուսի մշակութային գերատեսչությունների 2019-2022թթ. համագործակցության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման և համապատասխան ծրագրի ստորագրման հարցերին, ինչպես նաև՝ երկկողմ մշակութային փոխգործակցության աշխուժացմանը նպաստող համատեղ նախագծերին։

Այս համատեքստում կողմերը քննարկեցին 2019թ․ ընթացքում Հայաստանում նախատեսվող Բելառուսի մշակույթի օրերի, ինչպես նաև՝ Բելառուսում Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։

Տպել էջը