ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

14 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին:

Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ: Երկուստեք կարևորվեց ՄԱԿ հատուկ զեկուցողի այցը Հայաստան, ինչը լավ առիթ է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին տեղում ծանոթանալու և հետագա փոխգործակցության շրջանակն ուղենշելու համար:

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնելու բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ ուղղված երկրում օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: Այս գործընթացում զրուցակիցներն ընդգծեցին կանանց ու երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս:

 

Տպել էջը