Դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց «Eastern Partnership Think Tank Forum»-ին

15 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 15-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց «Eastern Partnership Think Tank Forum»-ի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև Ավստրիայի Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Թոմաս Բուշսբաումը, Ռումինիայի փոխվարչապետի Ռազմավարական գործընկերության իրականացման գրասենյակի պետքարտուղար Թյուդոր Բուզատուն, Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզաշվիլին, Ռումինիայում Մոլդովայի դեսպան Միհայ Գրիբինչան և Ռումինիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսանդր Բանկովը:

Հայաստանից ֆորումին մասնակցում էր Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, որը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և դրանց հնարավոր տարածաշրջանային հետևանքները:

Իր ելույթում Սերգեյ Մինասյանը նշեց, որ 2019թ. Ռումինիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը խորհրդանշականորեն համընկնում է Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյա հոբելյանի հետ, ինչը նոր լիցք կարող է հաղորդել ԵՄ շրջանակներում մասնակից երկրների համագործակցությանը: Դեսպան Մինասյանը նաև անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մանրամասներին և դրան հաջորդած քաղաքական զարգացումներին՝ նշելով, որ այն չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի ու հետխորհրդային տարածքի երկրների համար, քանզի հեղափոխությունը հաջողվել է իրականացնել ոչ բռնի կերպով և գործող սահմանադրության պահանջներին համապատասխան: Այն իր տրամաբանական ավարտին կհասցվի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ դեսպան Մինասյանի՝ հայկական թավշյա հեղափոխության ֆենոմենը կարևոր է ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլ նաև կարող է հիմք ծառայել բազմաթիվ գիտա-վերլուծական հետազոտությունների համար:

 

Տպել էջը