Դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Մարիա Մագդալենա Գրիգորեի հետ

16 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար (նախարարի տեղակալ) Մարիա Մագդալենա Գրիգորեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, մասնավորապես՝ հանրային և տնտեսական դիվանագիտության տեսանկյունից, մշակութային ու կրթական ոլորտներում համագործակցության երկկողմ նախագծերի իրականացման հնարավորությունները:

Երկուստեք կարևորելով հայ-ռումինական հարաբերություններում և հատկապես քաղաքական երկխոսության ոլորտում գրանցված դրական դինամիկան՝ կողմերը համաձայնեցին, որ խթանման կարիք ունեն առևտրա-տնտեսական հարաբերությունները: Ըստ այդմ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման նպատակով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Ռումինիայի կողմից ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացումը նոր հնարավորություններ է ստեղծում բազմաթիվ ոլորտներում երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու տեսանկյունից: Քննարկվեցին նաև 2019թ.ապրիլին նախատեսվող Բուխարեստ-Երևան ուղիղ ավիաչվերթի մեկնարկով ուրվագծվող առևտրա-տնտեսական և հումանիտար հնարավորությունները, ավիաչվերթի կայունության ապահովման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցները: Այս համատեքստում և երկկողմ զբոսաշրջության զարգացման նպատակով՝ դեսպան Մինասյանն առաջարկեց պետքարտուղար Գրեգորեին քննարկել ռումինական մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացը:

Երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման նպատակով զրուցակիցները պայմանավորվեցին վերանայել մշակութային, կրթական ու տնտեսական ոլորտներում համագործակցության հիմնական ծրագրերը:

 

Տպել էջը