«Քեզ համար Ազնավուր» հիշատակի երեկո

17 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 17-ին ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային հանձնաժողովի և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանավորությամբ ՀԲԸՄ Դեմիրճյան կենտրոնում տեղի ունեցավ ՀԲԸՄ Խոսնակ պաշտոնաթերթի, ՀԲԸՄ-ՀԵԸ Անդրանիկ մշակութային միության և Լիբանանի Ֆրանսիական մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Քեզ համար Ազնավուր» հիշատակի երեկո՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի ներկա և նախկին պատգամավորներ, Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչներ, Լիբանանի հայ հոգևոր, քաղաքական, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ:

Երեկոյի ընթացքում ներկայացվեց մեծ հայի, տաղանդավոր երգիչ, երաժիշտ, բանաստեղծ, դիվանագետ Շառլ Ազնավուրի կյանքն ու գործունեությունը, այնուհետև հրավիրված երգիչներն ու երաժիշտները կատարեցին նրա երգացանկից ստեղծագործություններ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով անչափ բարձր գնահատեց աշխարհահռչակ արվեստագետի վաստակը` շեշտադրելով նրա յուրահատուկ բեմական և կատարողական արվեստը, խորիմաստ լիրիկան, յուրաքանչյուր կատարման նորովի մատուցումը: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ նրա ստեղծագործությունները դեռ երկար պետք է ապրեն և հիացնեն երաժշտասեր հասարակությանը աշխարհի տարբեր անկյուններում:

Տեղեկանք: Լիբանանում աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված միջոցառումները մեկնարկեցին նոյեմբերի 15-ից: Շառլ Ազնավուրի երգերը, հնչեցին տարբեր բեմերից՝ ի հիշատակ մեծ հայի ու արվեստագետի: Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և նախագահ Միշել Աունի բարձր հովանու ներքո կազմակերպվեց «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգ՝ Սուրբ Հովսեփ եկեղեցում: Լիբանանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Հարութ Ֆազլյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան հայ և լիբանանցի երգիչները: Ազնավուրյան երեկոները Լիբանանի այլ քաղաքներում կշարունակվեն նաև հայկական կառույցներից դուրս, հայտնի արաբ կատարողները կներկայացնեն Ազնավուրի սիրված երգերը:

 

Տպել էջը