«Հայաստանի նոր անուններ» պատանի երաժիշտների համերգային շրջագայությունը Լիբանանում

17 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 10-17-ը Լիբանանում ՀՀ դեսպանության և Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց համախմբման համատեղ կազմակերպմամբ, Լիբանանում տեղի ունեցավ «Հայաստանի նոր անուններ» պատանի երաժիշտների համերգային շրջագայությունը՝ նվիրված Երևանի 2800 ամյակին։ ՀՀ Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանի և ծրագրի գործավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանի ղեկավարությամբ պատանի 9 երաժիշտներն իրենց կատարումներով հանդես եկան հայ և արաբ հանդիսատեսի առջև՝ Բուրջ Համուդի Հովհաննես Պողոսյան թատերասրահում, Հայկազյան Համալսարանում և Կասլիկի Սուրբ Հոգու Համալսարանում (USEK)։ ՀՀ դեսպանության և ՍԷԿՏ համախմբման աջակցությամբ խումբն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Զմմառի պատրիարքական միաբանություն, Բիբլոսում գտնվող «Թռչնոց բույն» մանկատուն և Արամ Բեզիկյանի անվան Հայոց Ցեղասպանության թանգարան, Այնճար՝ ծանոթանալու լիբանանյան և լիբանանահայ մշակութային հարուստ ժառանգությանն ու պատմությանը։

Նվագախմբի եզրափակիչ համերգը կազմակերպվեց լիբանանահայ դպրոցների շուրջ 800 աշակերտների համար՝ Բուրջ Համուդի Հովհաննես Պողոսյան թատերասրահում: Համերգին ներկա էր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը։ Դեսպան Մկրտչյանը բարձր գնահատեց հայ պատանիների փայլուն մասնակցությունը նման կարևոր մշակութային միջոցառմանը՝ շեշտելով, որ հայ երաժշտարվեստը միշտ էլ ունեցել է իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային երաժշտության ասպարեզում։ Նորանոր հաջողություններ մաղթելով տաղանդավոր երաժիշտներին՝ դեսպանը նկատեց, որ ներկա սերունդն արժանիորեն շարունակում է մեր մեծերի նվիրական առաքելությունը և բարձր են պահում հայկական մշակույթի դիրքերը միջազգային բեմերում։

 

Տպել էջը