Հայաստանում Լատվիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին

19 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 19-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի դեսպան Ինգրիդա Լևրենցեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Հանդիպմանը Կարեն Նազարյանը շնորհավորեց դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի առիթով՝ մաղթելով երկու երկրների միջև բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնմանը միտված արգասաբեր և արդյունավետ գործունեություն։

Նախարարի տեղակալն ընդգծեց Լատվիայի օրենսդիրի կողմից ապրիլին ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը միաձայն վավերացնելու կարևորությունը և հույս հայտնեց, որ Հայաստանի և Լատվիայի միջև արդյունավետ շփումներն այսուհետ ևս կշարունակվեն երկկողմ ձևաչափում, Արևելյան գործընկերության, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպանի խնդրանքով նախարարի տեղակալը խոսեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով հայկական կողմի տեսակետները։

Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների առևտրատնտեսական օրակարգի զարգացմանը, հայ-լատվիական քաղաքական ու տնտեսական երկխոսության խորացմանն միտված քայլերի անհրաժեշտությունը։

Տպել էջը