ԱՄԷ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին

19 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 19-ին ԱՄԷ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Մհեր Մկրտումյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ահմեդ Սարի ալ-Մազրուին (Undersecretary Ahmed Sari AlMazrouie):

Շնորհավորելով Մհեր Մկրտումյանին դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ալ-Մազրուին գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպան Մկրտումյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ կներդնի առավելագույն ջանքերը ՀՀ-ԱՄԷ համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձան փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով ներդրումային ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը:

Նույն օրը ԱՄԷ նախագահական պալատում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին (Mohammed Bin Rashid Al Maktoum):

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն Ալ Մաքթումին փոխանցեց ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Մհեր Մկրտումյանը հավաստիացրեց, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը:

Պաշտոնական արարողությունից հետո, դեսպան Մկրտումյանը կարճատև զրույցներ ունեցավ նաև ԱՄԷ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Տպել էջը