ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի այցը Դոնի Ռոստով

20 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 17-20-ը հայ համայնքի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին մասնակցելու նպատակով Դոնի Ռոստովում էր գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ Վահագն Մելիքյանը։

Այցի շրջանակներում Վահագն Մելիքյանը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը այցելեցին Ռոստովի մարզի հայաբնակ Մյասնիկյան շրջանի Չալթըր գյուղը, որտեղի թիվ 1 դպրոցում ներկա գտնվեցին Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված բաց դասին: Ավարտին, դպրոցի դահլիճում հանդիպեցին շրջանի կրթության պատասխանատուների հետ, որից հետո այցելեցին պատմա-ազգագրական թանգարան: Թանգարանի տնօրենը պատվիրակությանը ներկայացրեց տեղի հայ համայնքի մի քանի հարյուրամյակների պատմությունը, ավանդույթները, պահպանված մշակութային ժառանգությունը: Այնուհետև այցելելեցին Սուրբ Համբարձում հայկական եկեղեցի, որից հետո հանդիպեցին շրջանի ղեկավար՝ Վլադիմիր Կիլաֆյանի հետ:

Նոյեմբերի 19-ին Դոնի Ռոստովի երիտասարդական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» հասարակական կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որն ավարտվեց գալա-համերգով: Միջոցառմանը ներկա էին Ռոստովի մարզի փոխնահանգապետը, ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսը, մարզի օրենսդիր ժողովի նախագահը, Դոնի Ռոստովի քաղաքապետը, մարզում բնակվող տարբեր ազգերի համայնքային կառույցների ղեկավարները և այլ պատվավոր հյուրեր:

 

Տպել էջը