Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

21 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 21-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Խորհրդակցությունների մասնակցելու նպատակով Երևան էր ժամանել Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի (Lukáš Parízek) գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-սլովակյան քաղաքական, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ոլորտային ուղղություններով ընթացող փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության ձևաչափի և եվրոպական կառույցների շրջանակներում երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը՝ արձանագրելով, որ այն երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու հնարավորություններ կընձեռի։ Քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ։ Կարեն Նազարյանը խոսեց տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ հայկական կողմի մոտեցումների մասին՝ կարևորելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ ԵՄ կողմի հայտարարված հանձնառությունը։

Սլովակյան պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության և ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերին:

Երևան կատարած այցի ընթացքում պետքարտուղարն ու նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ու գրառում կատարեցին պաշտոնական հյուրերի հուշամատյանում:

Քաղաքական խորհրդակցություններին մասնակցում էին Սլովակիայում ՀՀ և ՀՀ-ում Սլովակիայի դեսպանները։

 

Տպել էջը