ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի լիագումար նիստի ժամանակ

21 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 21-ին ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ՖՄԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ դեսպան Մարտին Միշըլեի (Martin Michelet) հրավերով մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի լիագումար նիստին և հանդես եկավ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները ներկայացնող ելույթով:

Դեսպան Տեր-Ստեփանյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ Երևանի գագաթաժողովը հաջող է գնահատվել ինչպես կազմակերպման, այնպես էլ բովանդակային առումով: Որպես գագաթաժողովի հաջողության մեկ այլ ապացույց նշելով պետությունների և կառավարությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների գագաթաժողովին մասնակցության բարձր ցուցանիշը, ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչն անդրադարձավ հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի (Audrey Azoulay) մասնակցությանը գագաթաժողովին և փաստեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Ֆրանկոֆոնիային տրվող կարևորությունն ու դրա հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունը, ինչը նաև արտահայտում է երկու կազմակերպությունները միավորող կապերի խորությունը:

Իր ելույթում դեսպան Տեր-Ստեփանյանը հայտնեց ՖՄԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում Հայաստանի կողմից ՖՄԿ-ի և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ԵԽ-ն, մշակութային բազմազանության և մարդու իրավունքների բնագավառում մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացման մասին:

ՀՀ ներկայացուցիչն անդրադարձավ նաև Երևանի գագաթաժողովի ժամանակ ՖՄԿ Գլխավոր քարտուղարի ընտրությանը` նշելով, որ նոր ԳՔ ընտրությունը շրջադարձային է Կազմակերպության համար և որոշելու է դրա ապագան: Նա նաև ընդգծեց, որ Նախագահությունը մտադիր է աշխատել` նոր Գլխավոր քարտուղարի հետ սերտ համագործակցելով :

Ելույթի ավարտին Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչը ֆրանկոֆոն դեսպանների խմբի անունից շնորհավորեց Հայաստանին և ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցչին` գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայում իր նախագահությունը կիրականացնի նույնքան պատասխանատվությամբ և բարձր մակարդակով` հաջողություններ մաղթելով այդ ճանապարհին:

 

Տպել էջը