Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 8-րդ գլոբալ ֆորումը

21 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 20-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 8-րդ գլոբալ ֆորումը՝ «Երկխուսություն` հանուն կանխարգելման ու խաղաղության ամրապնդման» խորագրով։ Միջոցառմանը հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչը, ՄԱԿ անդամ-երկրների մի շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում կարևորեց Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերացմանն ուղղված գործունեությունը` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ոճրագործությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին։ Մշտական ներկայացուցիչը նշեց 2018-ին Ցեղասպանության կոնվենցիայի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակի մասին՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է անցկացնել Ցեղասպանության հանցագործության դեմ երրորդ գլոբալ ֆորումը, որը կենտրոնացած է լինելու կրթության և լրատվամիջոցների դերակատարությանն ատելության ու անդհանդուրժողականության վերացման վրա։

ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշատակեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ինչպես նաև ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի անդրադարձը ապրիլ-մայիսի ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին։ Մհեր Մարգարյանն անդրադարձ կատարեց նաև հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին՝ ֆրանկոֆոնիայի գաղափարը ներկայացնելով հանդուրժողականության, բազմազանության նկատմամբ հարգանքի և խաղաղության մշակույթի խրախուսման ու կիրառման համատեքստում։

Տպել էջը