ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Յորղոս Կումուցակոսի հետ

22 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության արտաքին հարցերի գրասենյակի ղեկավար (ստվերային կառավարության ԱԳ նախարար) Յորղոս Կումուցակոսի (Giorgos Koumoutsakos) հետ:

Պարոն Կումուցակոսը նշեց, որ իր կուսակցությունը կարևորում է հայ-հունական երկկողմ քաղաքական բարձր մակարդակի համագործակցությունը՝ խարսխված երկու եղբայրական ժողովուրդների փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:

Դեսպան Չարչօղլյանն իր հերթին անդրադարձավ երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգին՝ կարևորելով նոր ոլորտների ներառումը դրանում և առկա համագործակցության խորացումը:

Զրուցակցի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանն ուղղված իրականացվող բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև ընդգծեց ՀՀ կառավարության հանձնառությունը կազմակերպելու միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրություններ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Այս համատեքստում դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և Հայաստանի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարին:

 

Տպել էջը