«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելեցին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

23 նոյեմբերի, 2018

Արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայում ձևավորված ավանդույթի շրջանակներում նոյեմբերի 23-ին ասոցիացիայի անդամներն այցելեցին Սաղմոսավանք վանական համալիր և Հայաստանի մանուկներ հիմնադրանի (ՔՈԱՖ)՝ Լոռիում գտնվող ՍՄԱՐԹ կենտրոն:

Սաղմոսավանք այցի ընթացքում ասոցիացիայի անդամները ծանոթացան վանական համալիրի պատմությանը և մասնակցեցին սուրբ պատարագի:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած շրջայցի ժամանակ Երևանում հավատարմագրված դեսպանների կանայք և կին դեսպանները ծանոթացան կենտրոնի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, որոնք ընդգրկում են հստակ կազմավորված ամենօրյա դասընթացներ՝ բլոկչեյն, ռոբոտիկա, ծրագրավորում ու կոդավորում, լեզուներ, երաժշտություն ու պար, գյուղատնտեսություն, արվեստ և այլն:

Ասոցիացիայի նախագահ Իրինա Իգիթխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան շարունակում է նախաձեռնությունները՝ ուղղված Երևանում հավատարմագրված դեսպանների կանանց և կին դեսպաններին ծանոթացնելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը և ավանդույթներին։ Անդրադառնալով այցի նպատակին՝ նա նշեց, որ այս տարի որոշվել է այդ նախաձեռնությանը նոր երանգ հաղորդել՝ օտարերկրյա գործընկերներին Հայաստանը ներկայացնելով վերջին տարիներին երկրում արագ տեմպերով զարգացող տեղեկատվական և թվային ոլորտի լույսի ներքո, իսկ այցելությունը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն դրա լավագույն առիթն էր:

Իրինա Իգիթխանյանը մասնավորապես ընդգծեց, որ նորարարությունը և ստեղծագործ կրթությունը Հայաստանի զարգացման օրակարգի հիմնասյուներից են, և կարող է վստահաբար շեշտեց, որ Հայաստանը իրապես լուրջ հայտ է ներկայացրել այդ ոլորտները դարձնելու միջազգային հարթակում իր հիմնական այցեքարտը։

Տեղեկանք: Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին։

Տպել էջը