Դեսպան Արմեն Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ

24 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 24-ին դեսպան Արմեն Մելքոնյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի (Mr. Sameh Shoukry) հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀ արտաքին գերատեսչության ղեկավարին և անձնակազմին իր առաքելության տարիների ընթացքում բեղմնավոր համագործակցության համար։ Դեսպան Մելքոնյանը նշեց, որ հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են սերտացել և շարունակական քաղաքական երկխոսության միջոցով միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ ընկալումը բարձրացել է որակապես նոր մակարդակի։ Արմեն Մելքոնյանը հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում մերձավորարևելյան տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված Եգիպտոսի ջանքերը։

Նախարար Շուքրին իր հերթին բարձր գնահատեց դեսպան Արմեն Մելքոնյանի աշխատանքը՝ նշելով, որ այն կարևոր ներդրում է երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների խորացման համար։

Հանդիպման ավարտին դեսպան Մելքոնյանը և նախարար Շուքրին փոխանակվեցին հուշանվերներով։

Տպել էջը