Դեսպան Սամվել Մկրտչյանի հրաժեշտի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրի հետ

26 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 26-ին Լիբանանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի (Nabih Berri) հետ:

Սամվել Մկրտչյանը Լիբանանի խորհրդարանի նախագահին ներկայացրեց ՀՀ ներքաղաքական զարգացումները, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը և դրանք բարձր մակարդակով անցկացնելու ակնկալիքները` որպես թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության տրամաբանական շրջափուլ:

ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայել ամրապնդելու և զարգացնելու երկու բարեկամ երկրների հարաբերությունները, առավել խորացնելու կապերը բոլոր բնագավառներում:

Ընդգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ և բարեկամական բնույթը՝ Լիբանանի խոհրդարանի նախագահը բարձր գնահատեց կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթեց Սամվել Մկրտչյանին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

 

Տպել էջը