ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը ԵՄ խորհրդի՝ աշխատանքային խմբի պատվիրակության հետ

26 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի (COEST) պատվիրակությանը, որի կազմում էին Արտաքին գործողության եվրոպական ծառայության, Եվրոպական հանձնաժողովի պաշտոնատարներ և ԵՄ երկու տասնյակից ավելի անդամ պետությունների դիվանագետներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը և ԱԳՆ աշխատակիցները։

Հանդիպման ընթացքում Կարեն Նազարյանի կողմից անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին, մեր երկրում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, սպասվող արտահերթ ընտրություններին, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ԼՂ կարգավորման գործընթացի և 2019-ին նախատեսվող Արևելյան գործընկերության տասնամյակի տոնակատարման հետ կապված թեմաներին: Քննարկումների ընթացքում Կարեն Նազարյանը պատասխանել է խմբի անդամների բազմաթիվ հարցերին։

COEST-ի պատվիրակության նախագահ Յուտտա Էդթհոֆերն իր հերթին ընդգծեց, որ ԵՄ պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը` նկատելով, որ պատվիրակության անդամների տպավորիչ քանակը լավագույնս վկայում է Հայաստանի հանդեպ ԵՄ կողմից տածած հետաքրքրության մասին և որ ԵՄ պատրաստ է աջակցել ՀՀ նոր կառավարության՝ բարեփոխումներին ուղղված ջանքերը։

COEST-ի պատվիրակությունը Հայաստանում կգտնվի մինչև նոյեմբերի 28-ը և կունենա հավելյալ հանդիպումներ ՀՀ փոխվարչապետի, ոլորտային նախարարությունների, ինչպես նաև հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների հետ, կայցելի գիտակրթական և մշակութային հաստատություններ:

 

Տեղեկանք. COEST-ը ԵՄ խորհրդի աշխատանքներին աջակցող մասնագիտացված աշխատանքային խմբերից մեկն է, որի գործունեության կենտրոնում են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների բոլոր ուղղությունները: Խմբում են ներառված ԵՄ անդամ երկրների դիվանագետները, որոնք Բրյուսելում տեղի ունեցող քննարկումների և երկրներ կատարելիք փաստահավաք այցելությունների արդյունքում նախապատրաստում են նյութեր Եվրոպական խորհրդի որոշումների համար, մասնակցում առանձին երկրների հանդեպ ԵՄ քաղաքականության մշակմանը։ Խմբի գործունեությունը ներառում է նաև ԵՄ հետ բազմակողմ համագործակցության մի շարք շրջանակներ, ինչպիսիք են, օրինակ, Արևելյան գործընկերությունը և նաև Եվրոպական հարևանության քաղաքանության ձևաչափը: Սա COEST-ի ներկայացուցիչների երրորդ այցելությունն էր Հայաստան: Առաջին փաստահավաք այցելությունը Հայաստան տեղի է ունեցել 2004թ., իսկ երկրորդ այցը՝ 2014թ.:

 

Տպել էջը