ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը
27 նոյեմբերի, 20182018թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։
Հանդիպման ընթացքում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացին և ընդգծեց, որ ՀԸԳՀ իրականացումը կհանդիսանա երկրում բարեփոխումների և արդիականացման հիմնական գործիք, կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները և հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:
Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում բարեփոխումների հիմնական գործընկերը` աջակցություն տրամադրելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, տնտեսական զարգացումը, մասնավոր հատվածի և ենթակառուցվածքային ներդրումների ֆինանսավորման հասանելիությունը:
Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի նախագիծը: Համաձայնագրով նախատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունն իրականացնի իր օրենսդրության մոտարկում ՀԸԳՀ-ում նշված ԵՄ օրենսդրությանը՝ այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության, հարկման, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում: ԵՄ գոհունակություն հայտնեց ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ: Այս համատեքստում՝ Գործընկերության կոմիտեն կարևորեց քաղաքացիական հասարակության հետ շարունակական և ընդգրկուն երկխոսության ապահովումը:
Հայաստանը և ԵՄ համաձայնեցին շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով և պատեհ ժամանակին դիտարկել Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն առկա են:
Գործընկերության կոմիտեն անդրադարձավ ս,թ, դեկտեմբերի 9-ին նախատեսված Հայաստանում առաջիկա ընտրություններին: ԵՄ ակնկալում է արժանահավատ, ընդգրկուն և թափանցիկ ընտրություններ: ԵՄ և նրա անդամ պետությունները տրամադրում են առարկայական աջակցություն ընտրական գործընթացներին, ներառյալ՝ ընտրողների նույնականացման սարքավորումների և քաղաքացիական հասարակության կողմից ընտրողների մասնակցության և մոնիտորինգի օժանդակող միջոցների տեսքով: Հայկական կողմն ընդգծեց իրապես ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը, որն է՛լ ավելի կամրապնդի երկրում խաղաղ ժողովրդավարական փոխակերպումները:
Գործընկերության կոմիտեն քննարկեց նաև իրավունքի գերակայությանը, միգրացիային, տնտեսական զարգացմանը և կրթությանը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպումը համանախագահեցին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողության ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրեն տեղակալ Լյուկ Դևինը: