Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ

27 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 27-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ում հանդիպում ունեցավ արտաքին գործերի նորանշանակ նախարար Տոմաշ Պետրժիչեկի (Tomáš Petříček) հետ։

Հանդիպման սկզբում հայ դիվանագետը շնորհավորեց սոցիալ-դեմոկրատ նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ բարեկամ Չեխիայի դիվանագիտության ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդի հայ-չեխական կայուն զարգացող հարաբերություններին։ Իր հերթին նախարար Պետրժիչեկը արժևորեց հայ դիվանագետի յոթամյա աշխատանքը Պրահայում, որի ընթացքում երկկողմ գործակցությունը վերելք է ապրել բոլոր բնագավառներում և հարթակներում։ Չեխիայի կառավարության անդամը նշեց, որ Պրահան մեծ ուշադրությամբ է հետևում Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին և չափազանց բարձր է գնահատում երկրում ընթացող ժողովրդավարական արմատական բարեփոխումները։ Արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ շոյված է այն հանգամանքից, որ հայաստանյան՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը Չեխիայի օրինակով ևս «թավշյա» անվանումն է կրում։ Նա համոզմունք հայտնեց, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցնեն ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխան։

Դեսպանը և նախարարն անդրադարձան նաև ԼՂ հիմնախնդրին։ Տիգրան Սեյրանյանը կարևորեց Չեխիայի հավասարակշռված մոտեցումը և ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ձևաչափի բացառիկ բնույթը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին, հեռանկարներին, ապագայի ծրագրերին, այդ թվում՝ առաջիկայում ծրագրվող բարձրաստիճան այցերին առնչվող հարցեր։ Տիգրան Սեյրանյանը և Տոմաշ Պետրժիչեկը գոհունակություն հայտնեցին ընթացիկ տարվա 9 ամիսներին փոխադարձ առևտրի կտրուկ աճի կապակցությամբ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 58%-ով՝ հասնելով 44 մլն ԱՄՆ դոլարի։ Զրուցակիցները համաձայնեցին, որ առկա ծավալները չեն սպառել երկրների միջև առևտրի մեծ ներուժը։ Այս համատեքստում նախարարը հանձն առավ հորդորել չեխ գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում։ Պարոն Պետժիչեկը շեշտեց, որ Չեխիայի արտաքին գերատեսչության կողմից իրականացվող անցումային համագործակցության ծրագրերն իրենց պտուղներն են տալիս Հայաստանում, հատկապես՝ ոչ-կառավարական կազմակերպությունների գործակցության շրջանակներում։

Կողմերն անդրադարձան Չեխիայի խորհրդարանում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման ընթացքին։ Մայիսին Սենատի կողմից վավերացված համաձայնագիրը մոտ ապագայում կվավերացվի նաև ստորին՝ Պատգամավորների պալատում։ Հաջորդիվ դեսպան Սեյրանյանը երախտագիտությամբ նշեց, որ այս օրերին չեխական և ամերիկյան աջակցությամբ Պրահայում է գտնվում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ մաքսային ոլորտում փորձի փոխանակման և գործակցության հաստատման նպատակով։

Հանդիպման ավարտին Չեխիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանին վերջին շրջանում ավագ դեսպանի՝ դիվանագիտական կորպուսի դուայենի պարտականությունները կատարելու համար։

 

Տպել էջը