Դեսպան Սարգսյանի հանդիպումները Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզում

27 նոյեմբերի, 2018

Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի ղեկավարության հրավերով ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին այցելեց Ստարա Զագորա, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ մարզպետ Գերգանա Նիկովայի հետ:

Քննարկվեցին Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա առևտրատնտեսական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության նշանակությունը երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում: Ընգծվեց, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի, կրթամշակութային և զբոսաշրջության բնագավառներում ՀՀ Արագածոտնի և ԲՀ Ստարա Զագորայի մարզերի միջև համագործակցության հաստատման կարևորությունը:

Այս համատեքստում դեսպան Սարգսյանն ու Ստարա Զագորայի մարզպետն արձանագրեցին, որ մեկ տարի առաջ կայացած իրենց առաջին հանդիպումից հետո իրականացված քայլերի արդյունքում Արագածոտնի և Ստարա Զագորայի մարզպետարանների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջինիս պատվիրակության՝ 2019թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելելու մասին: Ակնկալվում է, որ այցի ընթացքում կստորագրվի երկու մարզերի միջև բարեկամական կապեր հաստատելու մասին հուշագիր:

Հանդիպման ընթացքում դեսպան Սարգսյանն իր զրուցակցին համառոտ ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները:

Նույն օրը երեկոյան դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց Ստարա Զագորայի Օպերայի և բալետի 49-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը և Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի պրեմիերային: Ներկայացումը բեմադրել է Հայաստանի բալետային դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը՝ Արշակ Ղալումյանը, ով վերջին տարիներին հանդիսանում է Բեռլինի «Շտատսբալետի» մենակատարն ու բալետմեյստերը: Խոսելով Բուլղարիայում իր հետագա ստեղծագործական ծրագրերի մասին՝ բալետի անվանի դերասանը նշեց, որ մոտ ապագայում նախատեսում է շարունակել իր աշխատանքները Ստարա Զագորայի բալետում, ինչպես նաև Սոֆիայի հայտնի բալետային համույթներից մեկի հետ նոր բեմադրություններ իրականացնելու ուղղությամբ:

«Դոն Կիխոտ» բալետի պրեմիերան ունեցավ մեծ հաջողություն: Երաժշտական քննադատների ու մասնագետների կարծիքով այն կդասվի Բուլղարիայում բեմադրված լավագույն բալետների շարքին:

Տպել էջը