Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի նախագահ Միշել Աունի և վարչապետ Սաադ Հարիրիի հետ

27 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 27-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի նախագահ գեներալ Միշել Աունի (Michel Aoun) հետ:

Հանդիպմանը Սամվել Մկրտչյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Լիբանան հարաբերությունների առանցքային զարգացումները, կարևորեց ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակականությունը` արձանագրելով ընթացիկ տարում դրա հաջող իրականացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար ապագաjում ևս ջանք չի խնայվի:

Ընդգծելով հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և դրվատելով լիբանանահայ համայնքի բացառիկ դերակատարությունը՝ Լիբանանի նախագահը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ վերելքի ուղով: Միշել Աունը հաջողություններ և նոր ձեռքբերումներ մաղթեց ՀՀ դեսպանին իր հետագա դիվանագիտական ծառայության մեջ:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի (Saad Hariri) հետ: Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Լիբանան հարաբերությունների վերջին տարիների ձեռքբերումներին և ընթացիկ ծրագրերին:

Սաադ Հարիրին գոհունակությամբ նշեց իր հայ պաշտոնակիցների հետ վերջին շրջանի հանդիպումները, երկխոսության դրական և կառուցողական մթնոլորտը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում և Լիբանանում ընթացիկ ներքաղաքական գործընթացների ավարտից հետո առանձնահատուկ ուշադրություն հատկացնել հայ-լիբանանյան առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը Սամվել Մկրտչյանին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:

 

Տպել էջը