Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Տարտուում

28 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 28-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայը՝ Վիլնյուս) հանդիպումներ ունեցավ Տարտուի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Թոմաս Ասերի (Toomas Asser) և Տարտուի քաղաքապատ Ուռմաս Կլասի (Urmas Klaas) հետ:

Տարտուի համալսարանում տեղի ունեցած հանդիպմանը Մկրտչյանը շնորհավորեց ռեկտոր Ասերին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նախկին ռեկտոր Վոլի Կալմի ժամանակ համալսարանի հետ հաստատված բարեկամական կապերը կպահպանվեն ու կզարգանան:

Ընդգծելով հայ ուսանողների մոտ առկա մեծ հետաքրքրությունը կրթօջախի նկատմամբ՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ հայկական համալսարանների հետ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատումը և գիտական համատեղ ծրագրերի մշակումը ավելի հասանելի կդարձնի համալսարանը հայ ուսանողների համար:

Պրոֆեսոր Թոմաս Ասերն իր հերթին նշեց, որ Տարտուի համալսարանը պատրաստակամ է խորացնելու հայկական համալասարանների հետ գիտա-կրթական ամենատարբեր ծրագրերի շուրջ փոխգործակցությունը, միևնույն ժամանակ շեշտելով, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում արդեն իսկ կա հաստատված բավական արդյունավետ համագործակցություն:

Նույն օրը տեղի ունեցավ դեսպան Մկրտչյանի և Տարտուի քաղաքապետ Ուռմաս Կլասի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի քաղաքների հետ Տարտուի վաղեմի համագործակցությունը վերականգնելուն առնչվող հարցեր։ Քաղաքապետ Կլասը նշեց, որ Տարտուն հետաքրքրված է հայաստանյան քաղաքների հետ համագործակցություն ձևավորելու և զարգացնելու հարցում՝ միաժամանակ հավելելով, որ այն պետք է հիմնված լինի հստակ ընտրված ոլորտների և համատեղ ծրագրեր մշակելու հնարավորության վրա:

Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել և աշխատանքներ տանել համատեղ գործողությունների ծրագրի ու դրա իրականացման մեխանիզմների կազմման ուղղությամբ:

Հանդիպումներին մասնակցում էր նաև Էստոնիայում հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը։

Տպել էջը