Դեսպան Տիգրան Մկրտչյանի և մեծանուն էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի հանդիպումը

29 նոյեմբերի, 2018

Նոյեմբեր 29-ին աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն (նստավայրը՝ Վիլնյուս) այցելեց նորաբաց Արվո Պյարտի մշակութային կենտրոն (Arvo Pärdi Keskus) և հանդիպեց մեծանուն կոմպոզիտորի հետ:

Շրջայց կատարելով կենտրոնում՝ Արվո Պյարտը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց կենտրոնի գործառույթները, հնարավորությունները, հետագա ծրագրերը։ Դեսպանը շնորհավորեց կոմպոզիտորին մշակութային նման օջախի ստեղծման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ համաշխարհային ամենաբարձր մակարդակով կենտրոնի կառուցումն իր անգնահատելի ավանդը կունենա երաժշտական արվեստի պահպանման և զարգացման գործում։

Ներկայացնելով դեսպանության ակտիվ մշակութային գործունեությունը մերձբալթյան երկրներում՝ դեսպան Մկրտչյանը ցանկություն հայտնեց առաջիկա միջոցառումներից մեկն իրականացնել կենտրոնում, ինչն էստոնացի կոմպոզիտորի կողմից ընդունվեց մեծ ոգևորվածությամբ։

Արվո Պյարտն իր հերթին նշեց, որ, հաշվի առնելով հայկական մշակույթի և քաղաքակրթության նկատմամբ իր խորին հարգանքը, ինքն ուրախությամբ է ընդունել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պատվավոր խորհրդի անդամ դառնալու առաջարկությունը։ Դեսպանն ի պատասխան շնորհակալություն հայտնեց կոմպոզիտորին հայկական մշակութային կազմակերպությանը և Հայաստանին նման պատվի արժանացնելու համար: 

Նույն օրը Էստոնիայի մշակույթի նախարարությունում դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց նախարարության արտաքին կապերի վարչության աշխատակազմի հետ՝ Մադիս Յարվի (Madis Järv) ղեկավարությամբ։ Դեսպանը էստոնացի պաշտոնյաների հետ քննարկեց 2019թ․ դեսպանության նախաձեռնած ծրագրերը, ուրվագծեց Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի 150-ամյակներին նվիրված մի շարք միջոցառումների համատեղ իրականացման հնարավորությունները։

 

Տպել էջը