Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Էստոնիայի գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման մարմիններում

30 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 30-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի վերջին օրը, ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Տալլինի քաղաքային խորհրդի նախագահ Միխայիլ Կիլվերտին (Mihhail Kõlvart)։ Դեսպան Մկրտչյանը պարոն Կիլվերտին իր երախտագիտությունը հայտնեց Երևանի 2800-ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Տալլինի Ազատության հրապարակի լապտերասյուները սեպտեմբերի 29-ին Հայաստանի դրոշի գույներով լուսավորելու համար։

Իր հերթին քաղաքային խորհրդի նախագահն իր շնորհակալությունը հայտնեց 2800-ամյակի տոնակատարություններին ջերմ ընդունելության արժանացնելու համար՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ առավել սերտ համագործակցություն հաստատելու հնարավորություն կստեղծվի:

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ մեծ կարևորություն է տալիս Էստոնիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատմանն ու խորացմանը, և այդ համատեքստում Տալլին-Երևան կապի հաստատումն էական նշանակություն ունի։ Միխայիլ Կիլվերտն իր հե    րթին նշեց, որ Տալլինը պատրաստ է նման համագործակցության, որն իր մեջ կներառի կոնկրետ ծրագրերի համատեղ մշակում և իրականացում։ Նա նաև վերահաստատեց, որ Տալլինը պատրաստ է քաղաքային կառավարման իր փորձով կիսվել Երևանի հետ։

Նույն օր Էստոնիայի խորհրդարանում (Ռիյգիկոգու) դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հայաստան-Էստոնիա բարեկամության խմբի անդամ Մատի Ռայդմային (Mati Raidma): Հանդիպմանը կարևորվեց երկու երկրներում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո առավել ակտիվ խորհրդարանական դիվանագիտության, երկու խորհրդարանների բարեկամակական խմբերի, ղեկավարների փոխայցելությունների կազմակերպումը և իրականացումը։ Դեսպան Մկրտչյանը Մատի Ռայդմային ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները, խոսեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների մասին։

Դեսպանը հանդիպում ունեցավ նաև Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքական վարչության պետ Պրիիտ Տուրկի (Priit Turk) հետ: Վերջինս դեսպան Մկրտչյանին հայտնեց, որ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը մեծ տպավորություններով է վերադարձել Երևանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից։ Էստոնացի պաշտոնյան նաև նշեց, որ Էստոնիայի նախագահը անչափ հետաքրքիր հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հստակ պատկերացում է կազմել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։

Դեսպան Մկրտչյանը և Պրիիտ Տուրկը քննարկեցին ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ընթացքը՝ ընդգծելով, որ Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին բոլոր հնարավոր միջոցներով։ Տիգրան Մկրտչյանը և Պրիտ Տուրկն անդրադարձան նաև տարածաշրջանային այլ զարգացումներին և դրանց վերաբերյալ Հայաստանի և Էստոնիայի դիրքորոշումներին։

 

Տպել էջը