ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի աշխատանքային այցը ԱՄՆ արևմտյան ափ

30 նոյեմբերի, 2018

ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Արևմտյան ափում, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների և քաղաքական կառույցների ղեկավարների հետ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի մասնակցությամբ, Վահագն Մելիքյանը հանդիպումներ ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերետերյանի, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Հյուսիսային Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության հովվապետ վերապատվելի Պերճ Ջամբազյանի հետ: Համայնքի հոգևոր առաջնորդների հետ ջերմ մթնոլորտում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվեցին ամերիկահայ համայնքին առնչվող հարցեր: Վահագն Մելիքյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից առանձնահատուկ կարևորություն է տրվում ԱՄՆ արևմտյան ափում տարվող աշխատանքներին: Հանդիպումների մասնակիցներն ընդգծեցին համայնքը համախմբելու կարևորությունը, ՀՀ գլխավոր հյուպատոսության դերն ու նշանակությունը համայնքի և Հայաստանի միջև կապերի աշխուժացման գործում: Կարևորվեց ամերիկահայ համայնքի հետ որոշակի ոլորտներում մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը, երիտասարդներին համախմբելու և հայաստանյան նախագծերում ներգրավելու անհրաժեշտությունը: Շեշտվեց, որ ամերիկահայ համայնքում առկա է դեռևս լիովին չօգտագործված ահռելի ներուժ, որը համայնքային կառույցների, ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ եկեղեցու առաջնորդարանների համադրված աշխատանքի արդյունքում կիրառվելու դեպքում կարող է մեծ հաջողություններ արձանագրել:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպումներ ունեցան նաև Հայ Դատի հանձնախմբի ԱՄՆ աևմտյան ափի ատենապետ Նորա Հովսեփյանի և Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանի հետ: Վահագն Մելիքյանը ներկայացրեց հայաստանյան վերջին զարգացումները, երկրում առկա նոր իրողություններն ու դրական փոփոխությունների արդյուքները: Խոսվեց նաև ՀՀ գլխավոր հյուպատոսություն-համայնք բազմակողմ գործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: Կողմերը դիտարկեցին ամերիկահայ համայնքի հնարավորություններն առաջիկայում առավել խորությամբ օգտագործելու ուղիները, հայրենիքի հետ կրթամշակութային, առևտրատնտեսական կապերի խորացման հրամայականը՝ շեշտելով միասնաբար աշխատելու և սերտ գործակցելու նշանակությունը: Քննարկումների ընթացքում կարևորվեց նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված համակարգված քայլերի ձեռնարկումը, շեշտվեց հատկապես երկկողմ հարաբերության տնտեսական բաղադրիչը խթանելու անհրաժեշտությունը:

Հայ-ամերիկյան տնտեսական կապերն ընդլայնելու հնարավորությունները քննարկվել են ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Գլենդեյլում կայացած՝ Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախաձեռնած բիզնես-ֆորումի ընթացքում, որին մասնակցեց նաև Վահագն Մելիքյանը: Նա ներկայացրեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված մթնոլորտը, որը դրականորեն է ազդել նաև գործարար միջավայրի վրա: Վահագն Մելիքյանը շեշտեց արտերկրում ապրող ամեն հայի ներգրավվածության կարևորությունը հայրենիքի տնտեսական կյանքում՝ մեծ կամ փոքր գործարար ծրագրով: «Այդ ծրագրերի բնույթն ու ծավալը կարևոր չեն, կարևորը ձեր ներգրավվածությունն է»: Ոչ միայն Սփյուռքը՝ Հայաստանի համար, այլև Հայաստանը՝ Սփյուռքի. մենք պետք է ուս ուսի տանք ու միասին սատարենք մեր երիտասարդ սերնդին՝ մի քանի ամիս առաջ ձեռքբերած դրական իրողություները պահպանելու և դանք մեր հայրենիքի ապագա զարգացման հիմք դարձնելու գործում», իր ելույթում նշել է Վահագն Մելիքյանը:

Բիզնես-ֆորումին մասնակցում էին նաև Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը, մի քանի տասնյակ ամերիկահայ գործարարներ:

 

Տպել էջը