Բելառուսում կայացավ Մինսկյան կանանց միջազգային ակումբի կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառը

02 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 2-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը մասնակցեց oտարերկրյա ներկայացուցիչների, դիվանագետների և դեսպանների կանանց Մինսկյան կանանց միջազգային ակումբի կողմից կազմակերպված ամանորյա բարեգործական տոնավաճառին:

Տոնավաճառին մասնակցում էին Բելառուսի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև բելառուսական մի շարք ընկերություններ։

Միջոցառման ընթացքում այցելուների ուշադրությանը ներկայացվեց Հայաստանից բերված արտադրանքը՝ հուշանվերներ ու զարդեր, կոնյակի և գինու տեսականի, հրուշակեղեն, պահածոներ, քաղցրավենիք և այլն։ Հայկական տաղավարի կազմակերպման գործում իրենց անմիջական մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ դեսպանությունն ու Մինսկի հայկական համայնքային ներկայացուցիչները, ինչպես նաև` անհատ գործարարներ: 

Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԲՀ ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի կինը՝ տիկին Վերա Պոլյակովան և Մինսկյան կանանց միջազգային ակումբի նախագահ, Բելառուսի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Պետեր Դետմարի կինը՝ տիկին Իլկա Դետմարը։

Կայացած միջոցառմանը ցուցադրվեց նաև Հայաստանը՝ որպես գրավիչ ու նոր զբոսաշրջային ուղղություն ներկայացնող երկու տեսահոլովակ։

Բարեգործական տոնավաճառի հյուրերը խանդավառությամբ ընդունեցին պարային կատարումով հանդես եկած Մինսկի Էրեբունի երգի-պարի ազգագրական համույթի ելույթը։

Հայկական ապրանքատեսակների վաճառքից ստացված գումարը փոխանցվեց Մինսկյան կանանց միջազգային ակումբ՝ մանկատների օժանդակության նպատակով իրագործվող ծրագրերի համար։

Տպել էջը